Անի, Կարս, Վան, Աղթամար` հատուկ առաջարկ (3 օր)

Տեւողություն`

Հյուրանոցներ`

3 օր, 2 գիշեր

Իգդիր եւ կամ Բայազետ

Ուղեվորության ծրագիր

 

Մայրաքաղաք Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն եւ այլն (մանրամասներ…)

Անի, ուսանողները Մայր Տաճարի ներսում

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով` կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր կամ Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:

Վանա լիճ և քաղաք, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Բերկրիի ջրվեժ (մանրամասներ…)

Աղթամարի Սբ. Խաչում

Առավոտյան կուղեւորվենք դեպի Վան: Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Սուրբ Խաչի օրը այստեղ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արեւմտյան Հայաստանում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխը”, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երեւանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Վանից Իգդիր վերադարձի ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց հյուրանոցում:

 

Կարս քաղաք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ

Կարսի Սբ. Առաքելոցը

Առավոտյան կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:

Նմանատիպը