Տեսարժան վայրեր

Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ ՙլողացող՚ շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։
Բանգկոկ թարգմանաբար նշանակում է “վայրի սալորի քաղաք”։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։
Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։
Քաղաքում կան մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահայտնին Ոսկյա Բուդդայի Վանքն է (Վատ Տրիմիտիր), որտեղ գտնվում է Բուդդայի արձանը՝ պատրաստված 5.5 տոննա մաքուր ոսկուց, պառկած Բուդդայի մեծ արձանով Վատ Պո եկեղեցական մեծ համալիրը, որը Բանկոկի ամենամեծ և ամենահին եկեղեցին է, Վատ Բենչա Մաբոֆիտ (Մարմարյա տաճար XIX-XX դար), Վատ Արուն տաճարը (Արշալույսի կամ Մայր մտնող արևի, որը տեղակայված է նախկին Պհոնբուրի ամրոցում) 79 մետրանոց աշտարակով, Վատ Սուտհատը, Տհոն Բուրիս Վատը և այլն։
Քաղաքի ամենահին Նոր փողոցով կարելի է իջնել ափ, որտեղից ՙսամպանեով՚ (երկար պոչով նավակով) կարելի է ՙկլոնգներով՚ (ջրանցք) երկար զբոսնել ամբողջ քաղաքով։ Հնում Բանգկոկը անվանում էին ՙԱրևելքի Վենեցիա՚, այն պատճառով, որ նրա 140 իրար հատող ջրանցքները մեր օրերում էլ են շարունակում պահել քաղաքի տեմպը։ Դա այլ աշխարհ է՝ աղքատության և ճոխության, առևտրի և ձկնորսության, լողացող շուկաների և խորհրդավոր գիշերային կյանքի։ Սիլոմ շրջանից (քաղաքի գործարար կենտրոնն է) դեպի հյուսիս գտնվում է Սիամ-Սուկէ շրջանը, որը համարվում է մայրաքաղաքի առևտրի կենտրոնը։ Այստեղ են գտնվում քաղաքի ամենամեծ սուպերմարկետները, փոքր խանութները, առևտրի կետերը, որտեղ գները շատ բարձր չեն։ Բանգկոկի ամենամեծ խաչմերուկում՝ տուրիզմի կենտրոն համարվող Սուկհումվիտում տեղակայված են հարյուրավոր սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ, նաև քաղաքի մի քանի ամենալավ առևտրի կենտրոնները։ Ցանկացած խոշոր հյուրանոց ունի իր գիշերային ակումբը։ Ժամանցային ամենատարբեր հաստատությունները կենտրոնացած են Պատրոնգում և Նյու-Պետչաբուրի-Ռոադսում, որտեղ են գտնվում հարյուրավոր սրահներ, բարեր, ռեստորաններ։ Իր գիշերային կյանքով և ռեստորաններով հայտնի է նաև Ռաչադա փողոցը։
Քաղաքում մի քանի թանգարաններ, պլանետարիումներ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել Ազգային թատրոն, Ազգային թանգարան՝ թաիլանդական մշակույթի հիանալի հավաքածուով և Բուդդհայսավան մատուռով (1795), Սանամ-Լուանգ հրապարակի վրա Թամմասատի համալսարանը, ինչպես նաև Գիտության թանգարանը (տարածաշրջանի ամենալավ գիտատեխնիկական թանգարաններից մեկն է)։ Ճարտարապետ և լրտես Ջիմ Թոմսոնի տանը այժմ տեղակայված է Մետաքսի թանգարանը և հարավարևելյան Ասիայից նրա հավաքված հնությունների ցուցահանդեսը։
Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։
Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ ՙԿոկորդիլոսի ֆերման՚՝ ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով։ Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան։ Հանգստյան օրերին 08։00-14։00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ՝ ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ թագավորությունը՝ ամենահայտնի պատմական հուշարձաններով։
Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ՝ սակայն հանդիսանում է թաիլանդական քաղաքակրթության օրրան, հայտնի է իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունագեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով և տաճարներով։ Չիանգմայը (Բանգկոկից 700 կմ) իր մեծությամբ և կարևորությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Սարերի լանջերին տեղակայված (2600 մ) ՙհին քաղաք՚ Չիանգմայը ստեղծվել է 1296թ։ Շրջապատված է հուժկու, հզոր բերդային պատով և պաշտպանողական խրամատով։ Քաղաքում և նրա շրջակա տարածքում կան մոտավոր 300 տաճարներ և պատմական հուշարձաններ։ Այնպիսի շինություններ, կառույցներ ինչպիսիք են՝ Դոյի Սուտեր Շրինեն, Վատ Պրա Սինգհը, Վատ Չիանգ Մանը (1296 թ. տարածաշրջանում ամենահին վանքն է), Պրա Սատանգ Ման, որի վրա պատկերված են Բուդդայի պատկերները (մոտ 2000 տարեկան), Վատ Չեդի Լուանգ, նաև բուդդիզմի սրբություններից մեկը, որը տեղակայված է սարի գագաթին, Չինգմայից 16 կմ. դեպի հյուսիս-արևմուտք Վատ Դոյի Սուտխեպ տաճարը (XIII-XIV դար) և Թագավորական ընտանիքի ամառային գահանիստ՝ Պխուպինգ դղյակը։ Այս ամենը քաղաքին համաշխարհային ճանաչում են բերել։
Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի ՙՁկների քարանձավը՚, որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար ՙայգիով՚։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ ՙխոլորձների ագարակը՚, ինպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական կենդանիներին՝ տնտեսության աշխատանքների և զբոսաշրջիկներին զվարճացնելու համար։

Ավանդական խոհանոց

Թաիլանդական խոհանոցի յուրահատկությունը պայմանավորված է 2 հանգամանքով՝ կլիմայով և մշակույթով, չնայած որ մեծ ազդեցություն են ունեցել նաև երկրի պատմությունը, ներգաղթը և արշավանքները։ Մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանը, Բիրման ևԿամբոջան։ Բարենպաստ կլիման թույլ է տալիս, որպեսզի տարեկան երկու, նույնիսկ երեք անգամ բերքահավաք կատարվի, իսկ ամբողջ տարի այստեղ աճում է տարբեր տեսակի կանաչեղեն։ Երևի թե այս առատությամբ կարելի է բացատրել այն, որ թայլանդերենում չկա ՙսով՚ բառը։ Թաիլանդացիների մեծ մասը բուդդայականություն է դավանում, որը սննդի մեջ սահմանափակում չի դնում։ Թաիլանդացիները իրենց խոհանոցում օգտագործում են մսի բոլոր տեսակները, ձուկ, տարբեր տեսակի բանջարեղեն ու բազմատեսակ մրգեր։ Թաիլանդացիները բարձր են գնահատում իրենց մշակույթը և ավանդույթները։ Նրանք հպարտանում են իրենց ազգային ճաշատեսակներով և բավականին հյուրասեր են։ Փողոցներում ամենուրեք տարբեր տեսակի խորտիկներ են վաճառվում։ Թաիլանդում շատ են սիրում տոներ և երեկույթներ։ Աղմկոտ և ուրախ փառատոների ժամանակ մատուցվում են ավանդական ճաշատեսակներ, տարբեր խորտիկներ, էկզոտիկ մրգեր, թաիլանդական գարեջուր կամ տեղական վիսկի։ Բոլոր ճաշատեսակները մատուցվում են միանգամից, որպեսզի տան տիրուհին հյուրերի հետ նույնպես վայելի ճաշը։ Թաիլանդական խոհանոցի ճաշատեսակները ձևավորում են վառ ու քեղեցիկ կերպով. գեղարվեստական մոտեցումը թաիլանդական խոհանոցի անբաժանելի մասնիկն է։
Ամենօրյա ճաշատեսակները կախված են եղանակից, տարվա ժամանակից, բերքահավաքից և անձրևային տարեջրջանից։ Թաիլանդացիները կերակրին շատ լուրջ են վերաբերվում, ընտրում են միայն ամենաթարմ բաղադրամասերը։ Հիմնական մթերքներից է բրինձը, այն օգտագործվում է որպես խավարտ, հիմնական ճաշատեսակ և աղանդեր։ Ուտելիքը հասարակ թաիլանդացու համար ՙկապ կհաո՚ է, ինչը թարգմանաբար նշանակում է ՙայն, ինչ ուտում են բրնձի հետ՚։ Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կոկոսը։ Բոլոր շրջանները ունեն իրենց յուրահատուկ խոհանոցը։ Խոհարարը կարող է փոխել այս կամ այն բաղադրամասերը կամ համեմունքները՝ պահպանելով միայն հիմնական պատրաստման կարգը։ Օրինակ շատ բաղադրատոմսերում խոզի միսը փոխարինվում է հավի մսով կամ մանր ծովախեցգետիններով։
Կան մթերքներ, որոնք պարտադիր են բոլոր տներում։ Դրանք են կոկոսը, լայմը, բրինձը, չիլին, սխտորը, կոճապղպեղի արմատը և գինձը։

Ավանդույթները և վարքի կանոնները

Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։
Թաիլանդում ավանդական բարևը ՙվայ՚-ն է՝ ՙնավակի՚ նման ձեռքերի ափերը պահելով՝ դնում են գլխին, կամ կրծքավանդակին։ Դա ոչ միայն ողջույնի ժեստ է, այլ մի ամբողջ կարգավիճակային գործողություն՝ համապատասխան էթիկետով։ ՙՎայ՚-ի ավարտման կարգը շատ խիստ է և ենթարկվում է մի շարք օրենքների. ձեռքերի դիրքը և ժեստի շարունակականությունը կախված է դիմացինի սոցիալական կարգավիճակից. ինչքան բարձր է սոցիալական կարգավիճակը, այնքան վեր են բարձրանում ափերը և ավելի երկար է շարունակվում ՙվայ՚-ը։ Չի կարելի ՙվերադարձնել վայը՚ երեխաներին և սպասարկող անձնակազմին, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ, որպեսզի զբոսաշրջիկները ընդօրինակեն այս ավանդույթը, եթե նախօրոք չեն ուսումնասիրել դրա կատարման բոլոր մանրամասները։ Առօրյայում թաիլանդացիները բավարարվում են ընկերական գլխով անելուց և ունիվերսալ «հելո»-ով։ Ձեռքսեղմումը ընդունված չէ։
Չի կարելի դիպչել թաիլանդացու գլխին (նաև փոքրիկ երեխաներին). դա վիրավորանք է։ Նստած մարդը, առավել ևս, եթե ոտքը ոտքին է գցել, ոչ մի դեպքում ոտնաթաթերը չպետք է ուղղի մարդկանց, Բուդդայի արձանների և թագավորի կողմը։
Թաիլանդացիները շատ հարգալից են վերաբերում այլ ազգերի ավանդույթներին։ Նրանք բավականին հավասարակշռված և հանգիստ են. ձայն բարձրացնելը, գոռալը համարվում է անքաղաքավարության դրսևորում։ Թաիլանդացի ոստիկաններին կարելի է դիմել ցանկացած հարցով։ Շատ հաճախ խոսակցականում օգտագործվում է օրվա ժամանակի 6 ժամյա կտրվածքը, այսինքն կարելի է լսել ՙօրվա ժամը 5՚ և ՙգիշերվա ժամը 5՚ (եվրոպական 17։00 և 23։00)։ Թագավորական տունը ժողովրդի կողմից մեծ հարգանք է վայելում, ընդունված է ոտքի ելնել երկրի օրհներգի կատարման ժամանակ (այն հնչում է 08։00-ին և 18։00-ին բոլոր հեռուստաալիքներով և ռադիոներով), իսկ կինոթատրոններում բոլոր սեանսներից առաջ ցուցադրվում է թագավորի նկարը։ Թագավորական օրհներգի ժամանակ այլազգիներին էլ է խորհուրդ տրվում վեր կենալ կամ կանգ առնել, եթե փողոցում են։ Բուդդայի բոլոր արձանները սրբություն են համարվում։ Այդ պատճառով հարկավոր չէ նրանց վրա բարձրանալ նկարվելու համար. սահմանված է խիստ պատժամիջոց, ոչնչացվում է նույնիսկ տեսաժապավենը, որտեղ սրբապղծություն է նկարահանված։ Կանայք իրավունք չունեն դիմել վանականին, իր հերթին բուդդայական վանականը իրավունք չունի դիպչել կնոջը կամ նրա ձեռքից ինչ-որ բան ընդունել։ Այդ իսկ պատճառով, եթե կինը ուզում է նվիրատվություն կատարել, նախ այն պետք է փոխանցի տղամարդուն, տղամարդն էլ իր հերթին այն պետք է փոխանցի վանականին։ Կարելի է այն ուղղակի դնել վանականի հագուստի ծայրին, կամ թաշկինակի վրա։ Մզկիթում տղամարդիկ պետք է գլխարկ կրեն, իսկ կանանց թույլ է տրվում ներս մտնել տաբատով, երկար շրջազգեստով, երկար թևեր ունեցող, մինչև վերև կոճկված վարտիքով և գլուխը ծածկող շորով։ Մզկիթ մտնելուց առաջ անհրաժեշտ է կոշիկները հանել։ Կրոնական արարողությունների ժամանակ այլ մարդկանց մուտքը արգելվում է։
Հյուրանոցների մեծ մասը սեփական լողափ չունեն։ Բարձրակարգ հյուրանոցների լողափերում կախում են դրոշներ, որոնք ցույց են տալիս ծովի վիճակը. կանաչը նշանակում է, որ ծովը հանգիստ է և կարելի է առանց սահմանափակումների լողալ, դեղինը նշանակում է, որ ծովում փոթորիկ է, և փրկարարները ուշադիր հետևում են լողացողներին։ Կարմիր դրոշը արգելում է լողալը, և փրկարարները նույնիսկ իրավունք ունեն չթույլատրել մոտենալ ծովին։ Լողալ և արևի լոգանք ընդունել առանց լողազգեստի արգելվում է (գանձվում է մեծ տուգանք)։ Շատ հյուրանոցներում գիշերը լողալ արգելվում է։ Խորհուրդ չի տրվում անվճար երթևեկությունից, էքսկուրսիաներից, անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող սննդից և խմիչքից օգտվելը (շատ հաճախ դա առաջարկում են տաքսու վարորդները)։ Տաքսի նստելուց առաջ անհարաժեշտ է ճշտել՝ տաքսու վարորդը Ձեզ ճիշտ է հասկացել, թե ոչ։ Անհրաժեշտ է հյուրանոցից քարտ վերցնել, որտեղ թաիլանդերենով գրված է հյուրանոցի հասցեն և երթևեկության ուղին (պատահում են վարորդներ, որոնք կարդալ չգիտեն:

Ծխելը

Թաիլանդի մայրաքաղաքի հասարակական վայրերում՝ հիվանդանոցներում, դպրոցներում, գրասենյակներում, հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում, ռեստորաններում, զբոսայգիներում և մարզահրապարակներում ծխելը արգելվում է։ Օրենքը խախտողները կարող են տուգանքի ենթարկվել։

Հագուստ

Տղամարդկանց և կանանց թույլ է տրվում կիսատաբատներ կրել միայն լողափում և հյուրանոցում։ Յուրաքանչյուր տուն, առավել ևս տաճար մտնելու համար անհրաժեշտ է կոշիկները հանել։ Մի քանի տաճարներ կարելի է մտնել դիմացի հատվածը փակ կոշիկներով։ Հասարակական վայրեր այցելելու ժամանակ, առավել ևս տաճարներ, տաբատների և կիսաշրջազգեստների երկարությունը պետք է բավականին երկար լինի (փակի կոճերը)։

Օգտակար հեռախոսահամարներ զբոսաշրջիկների համար

Զբոսաշրջիկների համար ոստիկանության բաժին (062) 221-06, 221-10 և 16-99։

Շտապ օգնություն՝ (062) 281-15-44, 281-11-99։

Նմանատիպը