Կարս, Անի և Բայազետ, Վան, Աղթամար կղզի և Մուշ, Էրզրում և Սարիղմիշ (4 օր)

Տեւողություն`

Արժեք`

Հյուրանոցներ`

4 օր, 3 գիշեր

132 000 դրամ

Բայազետ / Վան, Մուշ, Սարիղամիշ / Կարս

Ուղեվորության ծրագիր

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Անի: Առասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, փողոցներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով կանցնենք Իգիդիրը, կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ, ուր կտեսնենք Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.): Այն ժամանակին ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կտեսնենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.). մի համալիր, ուր միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Գիշերակաց Բայազետում:

 

Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Բայազետից դուրս գալով և անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք Սասնա Ծռեր էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանում կայցելենք Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Բարձրանալով Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալրում (որ տեղացիները կոչում են “Յեդի քիլիսե”` Յոթ եկեղեցի): Ապա կմեկնենք Ոստան-Գեվաշի մոտ գտնվող նավամատույց և կնավարկենք Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Խաչվերաց տոնից առաջ այստեղ Սուրբ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արևմտյան Հայաստանում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ապա կանցնենք Տավրոսի լեռները, Դատվան քաղաքը, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք Մուշում: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:

Առավոտյան կայցելենք Մուշի հին թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցու կիսավերակը, որտեղից երևում է հայկական գերեզմանոցը, ուր գտնվում էր նաև Գևորգ Չաուշի գերեզմանը: Ապա կմոտենանք Եփրատ-Արածանի գետին, ուր կտեսնենք հայտնի Սուլուխի կամուրջը: Կանցնենք Մշո դաշտով և կբարձրանանք Հավատամքի լեռներ, ուր գտնվում են անմոռանալի տպավորություն թողող Մշո Սուլթան Սբ. Կարապետ վանքի ավերակները: Մշո դաշտից կուղևորվենք դեպի հյուսիս՝ Բարձր Հայք: Կանցնենք Վարդո ավանը, Սեդանսարի, Բինգյոլի և Այծպտկունքի լեռները և կիջնենք Էրզրում: Շրջելով Էրզրումում, որն է պատմական Կարին, կտեսնենք Թեոդուպոլիս ամրոցը, Սանասարյան վարժարանի շենքը, Չիֆթե Մինարե մեդրեսեն: Էրզրումից կշարժվենք դեպի Բասեն քաղաք, ճանապարհից ոչ հեռու կտեսնենք Բասենի բերդը: Կանցնենք այն և կանգ կառնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, ուր խառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա Արաքսի հոսանքով և Կարմիր Փորակի լեռներով կճանապարհվենք դեպի Սարիղամիշ: Գիշերակաց հյուրանոցում Սարիղամիշում կամ Կարսում:

 

 

 

Կըմբոշխնենք Սարիղամիշի անտառների անկրկնելի օդն ու զովությունը: Կարսում կտեսնենք 19-20-րդ դդ. հայերի կառուցած գեղեցիկ շենքերը, որ դեռևս կանգուն են, Կարսի զորեղ բերդը՝ Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:

Սկիզբ

Ավարտ

Գին

20 ապրիլ 2017 23 ապրիլ 2017

135 000 դրամ

6 մայիս 2017 9 մայիս 2017

135 000 դրամ

26 մայիս 2017 29 մայիս 2017

135 000 դրամ

Նմանատիպը